Կոտայքի մարզում կործանվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ

«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։