Տոմսկի մարզում ևս միգրանտների աշխատանքի սահմանափակումներ են մտցվել
Տոմսկի մարզում աշխատանքային միգրանտներին կարգելեն տաքսի վարել, աշխատել հանրային սննդի և կրթության համակարգում։ Այսպիսի որոշում է ընդունվել «հակաահաբեկչական հանձնաժողովում, ազգային համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ», տեղեկացրել է նահանգապետ Վլադիմիր Մազուրը։
Սահմանափակումները կմտցվեն 2024թ. նոյեմբերի 1-ից և կվերաբերեն աշխատանքային պատենտներ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին։
«Խնդրում եմ մարզի ձեռնարկություններին նախապես իրենց հաստիքները համապատասխանեցնել նոր կանոններին։ Կզարգացնենք կադրային պոտենցիալը և սոցիալական ոլորտները ի հաշիվ հայրենական մասնագետների»,- գրել է Մազուրը թելեգրամ-ալիքում։
Ավելի վաղ միգրանտների աշխատանքի արգելք առանձին ճյուղերում մտցրել էին Չելյաբինսկի, Մագադանի, Կալինինգրադի, Կուրսկի, Տուլայի, Նովոսիբիրսկի, Տյումենի, Կալուգայի և Նովգորոդի մարզերում, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում՝ Յուգրայում, Յակուտիայում, Կամչատկայում, ինչպես նաև օկուպացված Ղրիմում։ Այսպիսով, Տոմսկի մարզը 14-րդն է, որտեղ գործելու են միգրանտների աշխատանքային սահմանափակումները։