Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան. Փաստաբան

Քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել:

«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ»,- հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Իսկ հունիսի 13-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։

Հուլիսի 16-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ  վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այդպիսով, Դավիթ Սարգսյանն ազատ էր արձակվել։