Գիշերվա 6-ից հերթ են կանգնում. չարենցավանցիները պահանջում են Հրազդանից վերադարձնել անձնագրայինը

Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, պահանջով՝ վերադարձնել քաղաքի անձնագրային բաժինը:

«Երբ տեղեկացանք, որ Վահե Ղազարյանը հունվարի 12-ին հրաման է ստորագրել օպտիմալացման մասին, Չարենցավանում լուրջ դժգոհություններ առաջացան։ Մենք նախ դիմեցինք ավագանուն՝ խնդրելով, որ չփակեն, 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված համայնք է։ Անձնագրայինի տեղը քաղաքապետարանն էր անվճար տրամադրել, աշխատակիցներն էլ երկուսն էին, հիմա նրանց տարել են Հրազդան»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Գևորգ Հակոբյանը։
Նրա խոսքով, վիճակն ահավոր է, առավոտյան ժամը 6-ից գոյանում են հերթեր։

«Անձնագրայինը Հրազդան տեղափոխելուց հետո 130 հազար բնակչությանը՝ Հրազդանից, Չարենցավանից ու Ծաղկաձորից, սպասարկում է մի փոքրիկ 140 քմ տարածք: Առավոտը ժամը վեցից գոյանում են հերթեր, ահավոր վիճակ է ստեղծվում, գնալ գալը նույնպես խնդիր է: Հազարավոր քաղաքացիներ խնդիր ունեն անձնագրային և ամեն անգամ Հրազդան հասնելը նաև լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում, մարդիկ ինչի՞ համար պետք է մի քանի անգամ գնան Հրազդան ու ավելորդ բեռի տակ ընկնեն»,- ասաց Գևորգյանը:

Նա նշեց, որ 8 000-ից ավելի ստորագրությամբ նամակ են մուտք արել կառավարություն՝ վարչապետին խնդրելով, որ վերադարձնեն անձնագրային բաժանմունքը, մեկ նամակն էլ հանձնելու են ոստիկանություն: