ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը խոչընդոտ չէ ԱՄՆ-ի հետ ավելի խոր պաշտպանական համագործակցության համար. Զեյա․ «Հետք»

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյայի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։

Հուլիսի 15-ին մեկնարկել են հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունները։ Արդյոք սա նշանակում է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև խորանում է։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի պես, Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը և զինված ուժերի բարեփոխմանը։

«Արծիվ գործընկեր» զորավարժության հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։

Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։ Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում։ Այս համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներից մեկն էլ պարեկային ծառայության ձևավորումն է Հայաստանում։ Ի դեպ, Ներքին գործերի նախարարի հետ առիթ ունեցա լինել պարեկային ծառայության գլխամասային գրասենյակի, օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության Երևանի գնդի նոր մասնաշենքերում, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության ներդրումները մարդակենտրոն և իրավունքների նկատմամբ հարգանք ապահովող ոստիկանական ծառայությունների ապահովման ուղղությամբ, որի արդյունքում ոստիկանությունը ավելի մեծ հանրային վստահություն կունենա և ավելի սերտ կապեր կլինեն իրավապահների և նրանց կողմից սպասարկվող համայնքների միջև։ Կարծում եմ՝ սա նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է հանգեցնել առավել ապահով ու անվտանգ միջավայրի ապահովմանը բոլորի համար։

Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։