Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը ՀՀ-ի առաջնահերթություններից է․ Միրզոյանը զեկույց է ներկայացրել (տեսանյութ)
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ, նախարարն իր ելույթում նշել է.
« … Նախորդ չորս տարիներն աննախադեպ էին՝ պայմանավորված համավարակով, ագրեսիայով, էթնիկ զտումով և փախստականների ճգնաժամով: Չնայած այս բացասական զարգացումները կարող էին խաթարել «2030թ. օրակարգի» իրականացման ուղղությամբ ջանքերը, Հայաստանն ապացուցեց, որ հնարավոր է իրականացնել կայուն զարգացման նպատակների խոստումը և առաջընթացի, բարգավաճման և խաղաղության հույս ստեղծել:
Հետևաբար, Հայաստանի 3-րդ ազգային զեկույցը դիմակայունության, մարդասիրական գործողությունների և կայուն զարգացման նպատակներն իրական օգուտների վերածելու և ավելի լավ կառուցելու հաստատուն ջանքերի ճանապարհն է՝ երկրում և տարածաշրջանում խաղաղության և արդարության վրա էական ազդեցությամբ։ Այն մարդասիրական գործողությունների, զարգացման և խաղաղության միջև կապի՝ «2030թ. օրակարգի» կյանքի կոչման վրա ազդեցության իրական ժամանակում տեղի ունեցող օրինակ է: …»
Ելույթից հետո արձագանքով և հարցադրումներով հանդես են եկել ներկայացնող այլ երկրների ներկայացուցիչներ՝ լայն աշխարհագրական ընդգրկումով, մասնավորապես Գերմանիայից, Հնդկաստանից, Լիտվայից, Մեքսիկայից, Լիբանանից, Ուզբեկստանից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նախարար Միրզոյանը սահմանված ժամկետում պատասխանել է գործընկերներին հետաքրքրող հարցերին։
Ամբողջական ելույթը՝ այստեղ։