Համայնքներում կորիզներ ենք ստեղծում՝ պատասխանատուներով․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարը» մարզերում, համայնքներում, բոլոր տեղերում կորիզներ է ստեղծում՝ իրենց պատասխանատուներով։ Այդ մասին Հրազդանում բնակիչների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ պայքարն այլևս չպետք է լինի ցանկությունների վրա, ընկերական հարաբերություններով հարցեր լուծելու վրա։
Նա ընդգծել է, որ բոլոր այդ կառույցները պետք է կոնկրետ ժամով, կոնկրետ գործողությունով, գործունեությամբ կապվածություն ունենան։
«Մենք համակարգող խորհուրդ ենք ստեղծել, հիմա նաև մարզերում պատասխանատուների ցանկը կկազմենք, ու ամեն մարզում բոլորը կիմանան, թե ով է իրենց պատասխանատուն, ով է իրենց հետ գործելու։ Տեղում խնդրանքս է, որ ոչ միայն կուսակցական ակտիվը, այլ ընդհանրապես մեր հայրենակիցները ներգրավվեն։ Գիտեմ, որ դա որոշակի դժվարություններ է հարուցում, բայց այս պահին ամեն ինչը պետք է մի կողմ լինի, առաջնայինը պետք է լինի հայրենիքն ու պատիվը, հետո իրար հետ ինչքան կուզեն կկռվեն»,-ասաց Սրբազանը։