Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նախկինում որևէ աշխատանք չի կատարել․ ի՞նչ ունեցվածք է հասցրել կուտակել․ «Ժողովուրդ»

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի նոյեմբերին։ 2022 թվականի հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում: Վարչական շրջանի ղեկավարի կենսագրականից տեղեկանում ենք, որ նա մինչ վարչական շրջանի ղեկավար դառնալը որևէ աշխատանք չի կատարել, ամբողջ կենսագրականում սովորել, ավարտել և ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, որը ձեռք է բերել 2021 թվականին միանձնյա սեփականությամբ Շենգավիթ վարչական շրջանում։ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում նշված բնակարանը չկա, դրա փոխարեն կա 2 հողամաս ձեռք բերված 2021 թվականի օգոստոսի 27-ին Շենգավիթ վարչական շրջանում։
2021 թվականի հայտարարագրում հաշվետու տարվա ընթացքում ձեռք բերված գույքերի շարքում չկա անհատական բնակելի տուն։ Ավելին, 2021 թվականի տարեսկզբին Ռազմիկ Մկրտչյանը հայտարարագրել է 1 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ հողամաս 42 մլն դրամ արժողությամբ Արայիկ Հայրապետյանից։ Արդյունքում տարեվերջին ունեցել է 2 հողամաս և ոչ անհատական բնակելի տուն: Տրանսպորտային միջոց վարչական շրջանի ղեկավարը չի հայտարարագրել։ Մկրտչյանը ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել բացի տարեկան եկամուտներից․ նա տարեկան  8 մլն 582 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում