Փաշինյանը և Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանուն։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և  կարևորել պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:

Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Իրակլի Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: