Թրամփը հանդիպել է Օրբանին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի ուշ երեկոյան Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Օրբանը հանդիպումը բնութագրել է որպես «Խաղաղության առաքելություն 5․0»։

«Մենք քննարկեցինք խաղաղության հասնելու ուղիները։ Այսօրվա լավ նորությունն այն է, որ նա պատրաստվում է լուծում գտնել», – գրել է Օրբանը X սոցիալական հարթակում։

Մեկ այլ գրառման մեջ Օրբանը գրել է, որ շարունակել է խաղաղության առաքելությունը Մար-ա-Լագոյում։

«Նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ժամանակ ապացուցեց, որ խաղաղության մարդ է։ Նա կրկին դա կանի», – հավելել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հրապարակայնորեն աջակցել է Թրամփի վերընտրվելու արշավին, իսկ վերջերս ասել է, որ «շատ մեծ հավանականություն կա», որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կպարտվի ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերի 5-ին։

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։