Ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն՝ Հայաստանի տարանցիկ դերը բարձրացնելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի տարանցիկ դերի բարձրացման և Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել՝

1․ Դեպի երրորդ երկիր Հայաստանի տարածքով տարանցման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ ՀՀ Կառավարության սահմանած՝ բեռնատար տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին, քանակին և արտոնության չափին համապատասխան։

  1. Ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է:

Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ է համարվում ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը։ Ճանապարհային հարկը գանձում են մաքսային մարմինները՝ հանրապետություն մուտք գործելիս՝ յուրաքանչյուր 15 օրվա համար։ Ճանապարհային հարկի մեծությունը կախված է  մեքենայի առավելագույն թույլատրելի զանգվածից։

Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի արտոնությունները։

Իրանի հետ ներկայումս քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակներում կարևորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը։

Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություններ այն դեպքերում, եր ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը։ Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացը իրականացնել փոխադարձության սկզբունքով մյուս կողմի պետության հետ։