Մարզպետարանում թիթեռ են նկարում, Կիրանցում դրամահավաքությամբ մարզաբազա և բիզնես-ինկուբատոր կստեղծեն

Լրագրող Ոսկան Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է կատարել․ «Մայիսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրի ղեկավար կոմիտեի նիստում, որին մասնակցել են դուք, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Ֆրանսիայից ժամանած դեպարտամենտի խորհրդի անդամներ ու այլոք, Տավուշի մարզի «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Սոս Խաչիկյանը ներկայացրել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագիծը, ինչի շուրջ եղել է ակտիվ քննարկում: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Կիրանցի տնտեսական զարգացման նախագծով, որքա՞ն գումար է այդ նպատակով նախատեսված, ովքե՞ր են նախագծի դոնորները»։

Մարզպետարանից պատասխանել են․ «2024 թվականի մայիսի 29-ին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում Ֆրանսիայի Օ-Դը-Սեն դեպարտամենտի ներկայացուցիչների հետ Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագծի ներկայացումը եղել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Առաջարկվող նախագծով նախատեսվում է Կիրանց բնակավայրում կամ հարակից տարածքներում ստեղծել մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր, որը կնպաստի Կիրանցի և հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նախագծի շրջանակներում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն պատրաստվում է աշխատանքներ իրականացնել միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ ծրագրային դրույթները կյանքի կոչելու համար»։