Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այստեղ` Կոլումբոսի տան մոտ իմացա, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ինձ ու մեր էջին․ Թովմաս Առաքելյան

Ջենովայում էի, Կոլումբոսի ծննդավայրում: Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այստեղ` Կոլումբոսի տան մոտ իմացա, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ինձ ու մեր էջին։

Աշխարհի շուրջ 200 երկրներում կրոնական ազատության մասին տարեկան զեկույցում գրված է, որ «մեծ լսարան ունեցող եկեղեցական Թովմաս Առաքելյանը պարբերաբար գրառումներ է հրապարակում գրանցված կրոնական փոքրամասնությունների դեմ` հաճախ հիշատակելով «Կյանքի խոսք» կազմակերպությունը»։ Նշվում է, որ հենց այս աղանդն էլ բողոքով դիմել է նրանց։

Ամփոփ` «Կյանքի խոսք» աղանդի հովիվը կոչ է անում, ասենք, հարվածել երեխային, իսկ սրան բացասաբար արձագանքած հայ երիտասարդը դիտարկվում է իբրև «փոքրամասնությունների հալածիչ»։ Այո, անդրադարձել եմ աղանդավորական տասնյակ խնդիրների։ Մի կողմից` զավեշտալի է, որ եկեղեցական բլոգերն իր հավատարիմ լսարանի հետ կարող է նման տագնապ առաջացնել «Կյանքի խոսք» աղանդում։ Սակայն երբ հիշում եմ, թե քանի հազար մարդ է ինձ մոտեցել և վկայել, որ այլևս չի լսում աղանդավոր հովիվներին և վերադարձել է Հայոց եկեղեցի, հասկանում եմ, թե ինչու են թիրախավորել հենց ինձ։

Իմ նկատմամբ շանտաժի, սպառնալիքների, կեղծ տեղեկությունների և բամբասանքների տարածման, ֆեյք էջերից մեկնաբանություններով տեռոռ կազմակերպելու աղանդավորական բոլոր ջանքերն, այո, ապարդյուն են գտնվել։ Փողոցով ու դատարանով հարցեր լուծելու անհաջող փորձերից հետո դիմել են իրենց «մեծ եղբորը»։ Շատ բարի։

Իմ գործունեությունն ունի հստակ ասելիք. ես պայքարում եմ հանուն միաբանության։ Բոլոր այն աղանդավորական կազմակերպությունները, որոնք պառակտում են մեզ, զբաղվում հոգեորսությամբ, չարախոսում և ապատեղեկատվություն են տարածում Հայոց եկեղեցու մասին, խեղում են մարդկանց հոգեբանությունը, մանիպուլացնում մեր հասարակությանը, մնալու են իմ ուշադրության կենտրոնում։

Այս միջադեպը հրաշալի առիթ էր հիշելու, որ վաղուց չենք զրուցել աղանդների մասին։ Կզբաղվեմ նոր նյութերի մշակմամբ և շուտով այս թեմայով կրկին կհանդիպենք։ Լավ եղեք։

ՀԳ

Վերջին նկարը… Այո, Եհովայի վկաներն այդ պահին ժպտում էին Կոլումբոսի արձանի մոտ Սյուռ օր էր )

 

Թովմաս Առաքելյանի ֆեյսբուքյան էջից