Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացնում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, նիստի օրակարգում ներառված է եղել ֆինանսական կազմակերպություններում տեսողության և լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններից օգտվելու մատչելիության վերաբերյալ հարցը։

Քննարկվել են տեսողության խնդիր ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում պայմանագրերին ծանոթանալու դժվարություններին, լսողության խնդիր ունեցող անձանց դեպքում՝ գործարքների ընթացքում հաղորդակցության խնդիրներին, ինչպես նաև տարեց կամ ծանր հիվանդություն ունեցող անձանց դեպքում՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջին վերաբերող մի շարք հարցեր։

Այլ հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակելու և նորից շրջանառելու հարցին։

Ներկայացված հարցերի առնչությամբ սահմանվել են վերջնաժամկետներ․ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կներկայացվեն առաջարկներ՝ խնդիրների լուծման կարգավորման ուղղությամբ։