2024 թ. ՀՀ ԷՎԻ-ն 52.7 միավոր է և 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում մեր երկիրը 79-րդն է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2024» զեկույցը։

Այսպես՝

2024թ. Հայաստանը Էներգիայի վերափոխման ինդեքսի 52.7 միավորով 120 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը։ Հայաստանի 2023 և 2024 թվականների վարկանիշային դիրքը վերջին տասնամյակի վատագույնն է։

Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է 2017-ի ինդեքսից՝ պայմանավորված երկրում էներգիայի վերափոխման գործընթացի՝ վերջին 7 տարիների արդյունավետության անբավարար մակարդակով։

2024թ.-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի  Էներգիայի վերափոխման ինդեքսի «Համակարգի արդյունավետություն» ենթաինդեքսը աճել է, իսկ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսը՝ նվազել, ընդ որում, վերջին 2 տարում զգալիորեն՝ գումարային 8.6 միավորով։ 2022թ. համեմատ նվազում է արձանագրվել այս ենթաինդեքսի 5 ցուցիչներից 4-ում։ Մասնավորապես, «Կարգավորումներ և քաղաքական հանձնառություն» ցուցիչը նվազել է 14.7, «Կրթություն և մարդկային կապիտալը»՝ 8.2, «Նորարարությունները»՝ 3.0, իսկ «Ֆինանսներ և ներդրումները»՝ 15.9 միավորով։ Ընդ որում, թվարկված ցուցիչներից վերջինի այդքան էական նվազումը դրա հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների կտրուկ վատթարացման հետևանք է։ Մասնավորապես, «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը նվազել է 16 անգամ, «Մասնավոր սեկտորին տրվող վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը՝ 19.6 միավորով, իսկ «Օրենքի գերակայություն» ցուցանիշը՝ 7.0 միավորով։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչի գծով վատթարացումը առավելապես պայմանավորված է «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 10.8 միավորով նվազմամբ։

Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը 3.8 միավորով պակաս է համաշխարհային միջինից: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար  2.3 և 5.9 միավորով:

Էներգիայի վերափոխման ինդեքսով և զբաղեցրած դիրքով Հայաստանը հարևան 4 երկրներից չի զիջում միայն Իրանին։

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը Հայաստանից առաջ է 41, Վրաստանը` 23, իսկ Թուրքիան՝ 20 հորիզոնականով: Իրանը Հայաստանից հետ է մնում 23 հորիզոնականով:

Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսը գերազանցում է զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ղրղզստանի (ՌԴ-ն և Բելառուսը զեկույցում ընդգրկված չեն) ցուցանիշներին:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ: