Երևանյան լճից 5 ժամում դուրս է բերվել 279 պարկ աղբ, այդ թվում՝ սառնարան, ներարկիչներ, կաթոցիչներ

Երևանյան լճի մաքրման մեր կամավորական աշխատանքը շարունակվում է։

Քանի գնում, ավելի ու ավելի բարդ է դառնում աղբն ափից դուրս բերելը, այն խցկված է եղեգների մեջ, որտեղ բույն են դնում թռչունները:

Շաբաթ և կիրակի օրերին Green Green կամավորներն աշխատում էին ճահիճներում աշխատանքի համար նախատեսված համազգեստով, պլաստիկով շրջապատված, իսկ կողքերից խողովակներով ինչ-որ գարշահոտ ջուր էր լցվում լճի մեջ (հավանաբար կոյուղի է): Ոչ բոլորը կհամարձակվեին աշխատել այդպիսի պայմաններում:

Երկու մաքրահավաքի ընթացքում (գումարային 5 ժամ) մենք հավաքեցինք 279 տոպրակ աղբ, մի սառնարան և այլ զանազան-զարմանազան անպետք բաներ: Ջրում շատ են մեռած ձկները, կային նույնիսկ մեռած թռչուններ, որոնք սովարաբար սնվում են լճում և կարող են շփոթել պլաստիկը սննդի հետ ու թունավորվել:

«Աղբային բծի» երկարությունը մոտ 200 մետր է։ Մենք շատ բան դուրս հանեցինք այնտեղից, իսկ հիմա ստիպված ենք սպասել ջրի մակարդակի իջեցմանը կամ աշխատել նավակներով: