ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների կազմակերպման ուղղությամբ. Պատել

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների կազմակերպման ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Հարցին՝ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին  հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թեև դեռ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հանդիպում կազմակերպելու որևէ ծրագիր կա՞, քանի դեռ նրանք այստեղ են: Պատելը նախ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների առաջնահերթություններից է։

«Սա առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում, բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», – ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում հայտարարել էր՝  ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ’Բրայենը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը, այլ պայմանավորվածություն այս պահին չկա։