Թուրքիայում սիրիացիների դեմ արշավները շարունակվում են․ «Թուրքիան թուրք է, թուրք էլ կմնա»

Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա: Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:

Այս իրադարձությունների ֆոնին Սիրիայի տարածքում, որտեղ Թուրքիան իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը, սիրիացիները դիմել են պատասխան գործողություններրի՝ հարձակվելով թուրքական բեռնատարների, շենքերի և թուրքական անցակետի վրա։

Այս հարձակումներից հետո սիրիացիների դեմ արշավը տարածվել է Թուրքիայի տարբեր նահանգներում։ Բուրսա նահանգում փողոց են դուրս եկել ռասիստական խմբեր։

Նշվում է, որ այդ խմբերը հիմնականում հավաքվել են այն վայրերում, որտեղ խիտ բնակեցված են սիրիացիները։ Նրանք վանկարկել են «Թուրքիան թուրք է, թուրք էլ կմնա»։ Այնուհետև ոստիկանությունը ցրել է հավաքվածներին և բարիկադավորել որոշ փողոցներ։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»