Փրկարարները բարձրախոսներով և ԱԹՍ-ներով իրականացրել են իրազեկում

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հունիսի 30-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 152 խումբ, որից 140-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից և, կարևորելով նման միջոցառումներում համագործակցությունը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ձևավորվել է 12 խումբ:

Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 336 փրկարարական ծառայող:

Միջոցառումների շրջանակում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումները 1000 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 1389 պաստառներ:

Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 40 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։