ԵՄ-ը ինչքանո՞վ է պատրաստ․ ես այդ հարցի պատասխանն այսօր չեմ կարող տալ․ Փաշինյան

Վերջերս ԱԺ-ում ականատես եղանք լսումների ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ. ասում են՝ եկեք հանրաքվե անենք, հնարավորություն տանք, որ ժողովուրդն աջակցի այդ գաղափարին: Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես գալով՝ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ը դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի: Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ ՀՀ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի այդ հայտարարությունից հետո:

Հիմա խնդիրը ո՞րն է. անել հանրաքվե պարզելու համար ժողովրդի կարծի՞քը. կներեք, ես որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել Հայաստանի ժողովրդին, ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը: Հիմա հանրաքվե անե՞լ, թե չանել, ի՞նչն է պրոբլեմը: Եթե մենք այսօր անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ: Երբ մենք գնանք քարոզարշավ, մարդիկ մեզ տալու են հարցեր՝ սկսած ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով: ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե չի ուզում: Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն է պատրաստ: Հիմա հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Ես այդ հարցի պատասխանն այսօր չեմ կարող տալ»,-ասաց նա: