ՀՀ պետական օրհներգի օրն է

Հայաստանի Հանրապետության օրհներգը կամ հիմնը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Այն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին։

Օրհներգի խոսքերը վերցված են Միքայել Նալբանդյանի՝ 1861 թվականին գրած «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, որը ավելի հայտնի է «Մեր հայրենիք» անվամբ։ Երաժշտությունը մշակել է Բարսեղ Կանաչյանը 20-րդ դարի սկզբին, որից հետո 1918-1920 թվականներին այն հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլշևիկները փոխել են օրհներգը։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։ Այն որպես օրհներգ հնչել է մինչև 1991 թվականը, որից հետո՝ 1991 թվականի հուլիսի մեկին, Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը։ Այս տեքստը նույնական չէ 1918 թվականի տարբերակի հետ, բանաստեղծական տեքստում կատարվել են որոշ փոփոխություններ։

Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

ՀՀ պետական օրհներգի տեքստը

 

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի: