Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոն․ Ավինյան

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նորագյուղի ծրագիրը, որը դիտարկվում է որպես «Երևանի ուրբան զարգացման դրոշակակիր ծրագիր»:

Այս համատեքստում քաղաքապետը կարևորեց Նորագյուղի բնակիչների իրավունքների լիարժեք պահպանությունն այս ամբողջ գործընթացում: Օրինակ` տարածքում կան հին տներ, որոնք հողաշեն են, և բնակիչները կարիք ունեն բնակարանային ու բնակֆոնդի հարցերի լուծման:

«Այս ծրագիրն օգտագործելով՝ վստահ եմ` ամբողջ Նորագյուղ թաղամասի խնդիրները հնարավորություն կունենանք լուծելու»,- ասաց նա:

Մյուս խնդիրը ճանապարհի խնդիրն է: Այս ծրագրով, ըստ Ավինյանի, կապահովվի Մոնթե Մելքոնյանի միացումն Արշակունյաց պողոտային, այսինքն՝ Իսակովի-Արշակունյաց պողոտաների միացումը, որն էականորեն բեռնաթափելու է այդ հատվածի երթևեկության ծավալը:

Ըստ քաղաքապետի՝ ուրբանիստական այս լուծումները բեռնաթափելու են նաև Երևանի Փոքր կենտրոնը, քանի որ ենթադրվում է, որ նոր թաղամաս են տեղափոխվելու բիզնեսներ, ՏԻՄ սուբյեկտներ:

Քանի որ ծրագիրը ծավալուն է, և մեծ ռեսուրսներ են հարկավոր, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի կառուցապատման և շինարարական ոլորտների մասնակցությունը:

«Մեզ հարկավոր է լինելու փնտրել և գտնել միջազգային գործընկերներ, միջազգային դեվելոփերական ընկերություններ, որոնք նմանատիպ ծավալի իրականացման փորձ ունեն, և նախնական որոշակի քննարկումներ կան»,- ասաց նա:

Ավինյանը գոհացուցիչ է համարում այն, որ գլխավոր հատակագիծն արդեն կա, այն իրականացվել է հայտնի ճարտարապետական ընկերության կողմից:

«Նաև կարևոր է, որ գլխավոր հատակագծից որևէ տեսակի շեղում մենք թույլ չտանք, այսինքն՝ ի սկզբանե ինչպես նախագծվել է, ամբողջական տրամաբանությունը կարողանանք պահպանել»,- ասաց նա: