«Արզնի 2» ջրատարը վթարվել էր, ճիշտ պահին փականն անջատել էին, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր. Կամո Արեյան

Նախորդ շաբաթ «Արզնի 2» ջրատարը կրկին նույն՝ Հրազան կիրճի հատվածում վթարվել էր։  Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ բարեբախտաբար «Վեոլիա Ջուր» ընկերությունը կարողացել էր ճիշտ ժամանակին փականն անջատել, որպեսզի ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում։

«Ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները և հաջորդ օրը ժամը 23․00-ին միացվեց ջրամատակարարումն ամբողջ համակարգում»,- ասաց Արեյանը։

Նա նշեց, որ եղել է տեղում, սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները. «Եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար կարող են նման վթարներ կրկնվել։ Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ։ Աշխատանքներ են ընթանում, հույս ունենանք կարճ ժամանակում ամբողջ փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը կփոխվի, կմաքրվի, ջրատարը կազատվի հոսող ջրի այդ ծավալից»։