ԵՄ-ը Եգիպտոսի հետ կստորագրի ավելի քան 40 մլրդ եվրոյի ներդրումային գործարքներ. Ֆոն դեր Լյայեն

ԵՄ ընկերությունները Եգիպտոսի հետ կստորագրեն ավելի քան 40 մլրդ եվրոյի (42,85 մլրդ դոլար) ներդրումային գործարքներ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներդրումային համաժողովում, որը սկսվել է շաբաթ, տեղեկացրել է Reuters-ը։

Եգիպտոսի հետ ավելի քան 20 նոր փոխըմբռնման հուշագրերի մասին հայտարարությունը հաջորդել է 7,4 մլրդ եվրոյի չափով ԵՄ ֆինանսավորման փաթեթին և այդ երկրի հետ հարաբերությունների բարելավմանը, դրանք համաձայնեցվել են մարտին։

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ ցանկանում են օգնել Եգիպտոսին, որը բազմիցս ցնցումներ է ապրել, ներառյալ պատերազմն Ուկրաինայում և COVID-19-ը, դառնալու ավելի կայուն՝ խթանելով ներդրումները և մասնավոր հատվածը։

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ ներդրումներ անել ցանկացող ընկերություններն աշխատում են այնպիսի ճյուղերում, ինչպիսին են ջրածնային արդյունաբերությունը, ջրամատակարարումը, շինարարությունը, քիմիական արդյունաբերությունը,  նավագնացությունը և ավիացիան։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր հերթին հայտնել է, որ Եգիպտոսի և ԵՄ գործընկերությունն իրականացվում է տարբեր ոլորտներում, ներառյալ առևտուրը, էներգետիկան և ենթակառուցվածքը։

Այս տարի Եգիպտոսը մեծ քանակությամբ օտարերկրյա ֆինանսավորում և խոստումներ է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից, Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից, ինչպես նաև ԵՄ-ից։