Նախկին թեկնածու Գալիբաֆը հայտարարել է, որ աջակցում է նախագահի թեկնածու Սաիդ Ջալիլիին

Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ աջակցում է Սաիդ Ջալիլիին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, տեղեկացրել է Mehr-ը։

«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին և իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանություն»,- իրանական լրատվամիջոցը մեջբերել է Գալիբաֆի հայտարարությունը սոցցանցերում։

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները անցնում են երկրորդ փուլ, https://livenews.am/press/2024/297533/29/14/13/ քանի որ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների 50 տոկոսը՝ համաձայն շաբաթ հրապարակված արդյունքների։

Վերջնական հաշվարկների համաձայն, որոնք հայտարարել է ընտրական շտաբը շաբաթ օրը, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հավաքել է ձայների ամենամեծ քանակությունը՝ 10,4 մլն։ Նրա մերձավոր մրցակիցը՝ միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 9,4 մլն ձայներով։

Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը հավաքել է 3,3 մլն ձայն, իսկ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին՝ 206 000։ Առաջին փուլում քվեարկել է ընտրողների մոտ 40 տոկոսը։

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին, և մնացած երկու թեկնածուները կունենան մեկ շաբաթ ընտրարշավի և հեռուստաբանավեճերի համար։

Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կայացել է ուրբաթ և երեք անգամ երկարացվել է ընտրական շտաբի կողմից, մինչև որ քվեարկության համար հերթերը կեսգիշերին ավարտվել են։