Բելառուսի պատվիրակությանն արգելել են մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ ամենամյա նստաշրջանին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը ընդունել է հայտարարություն՝ կապված ԵԱՀԿ ԽՎ 31-րդ ամենամյա նստաշրջանին մասնակցության անհնարինության հետ, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Բելառուսի Ազգային ժողովից։ Մասնավորապես, Ռումինիան մերժել է վիզաներ տալ բելառուսական պատվիրակության անդամներին։

Ինչպես նշել է բելառուսական լրատվամիջոցը, բելառուս խորհրդարանականները խիստ վրդովված են, որ Ռումինիայի կառավարությունը միտումնավոր խափանում է Բելառուսի խորհրդարանի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ 31-րդ նստաշրջանին։

«Ռումինիայի կառավարությունն ընդունել է որոշում, որը հակասում է ԵԱՀԿ բոլոր հիմնական պարտավորություններին և սկզբունքներին։ Բելառուսի Հանրապետությունը ակտիվ մասնակցություն է ունենում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին։ 2017թ.  մեր երկիրըը հաջողությամբ անցկացրել է ԵԱՀԿ ԽՎ 26-րդ ամենամյա նստաշրջանը։ Դա ամենաներկայացուցչական նստաշրջանն էր վեհաժողովի ողջ պատմության ընթացքում։ Բելառուսը ստեղծել է առավելագույն նպաստավոր պայմաններ օտարերկրյա խորհրդարանականների աշխատանքի համար, որոնք ներկայացնում էին 55 անդամ պետությունները»,- նշված է բելառուսական կողմի հաղորդագրությունում։