ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ․ Աշոտ Մինասյան (Երկաթ)

Ծեծում եմ դուռը։

֊Ո՞ր խուց ես։

֊ 11-ը։

Վալչոկը բացվում է, և ենթասպան հարցնում է։

֊ Ի՞նչ ես ուզում։

֊ Զուգարան կարելի՞ է։

֊ Հեսա բացեմ։ Շոր քցի վրեդ։

Ես հետ եմ վերադառնում նառիս մոտ ու սկսում հագնել վերնահագուստս։

֊ Էդ ի՞նչ գրքեր են սեղանիդ դրված, ի՞նչ ես կարդում։ Մեկը բեր, նայեմ։

Ես սեղանից վերցնում եմ գրքերից մեկը և փոխանցում ենթասպային։ Ենթասպան բարձրաձայն, տառկապ անելով կարդում է գրքի շապիկը.

֊ Գաբրիել Գար֊սիա Մարկես, «Գեներալն իր լաբի-լաբիրի֊լա-բի-րին-թոսուում»։ Երկու գիրքն էլ նույննա՞։

֊ Չէ, տարբեր են։

֊ Բա ինչի՞ են նույն գույնի։

֊Տպարանում են այդպիսի գույներ ընտրել։ Նոբելյան մրցանակակիրների գրքերից են։

֊Ու՞մ գրքերից։

֊ Նոբելյան մրցանակակիրների,֊ պատասխանում եմ ու շարունակում ճանապարհս դեպի զուգարան։ Հետդարձին նկատում եմ, որ ենթասպայի սեղանին դրված է նաև երկրորդ գիրքը։

֊ Կենդանասե՞ր եք։

֊ Չէ, ինչի՞։

֊ Բա ինչի՞ եք գայլերի մասին կարդում, էլ ուրիշ բան չկա՞ կարդալու։ Հասկացա, որ զինվորական եք ու գեներալի մասին եք կարդում, բա գայլի մասին ինչի՞ եք կարդում։

Ես ծիծաղս մի կերպ զսպում եմ ու ասում.

-Գիրքը հոգևոր ճգնաժամի մասին է, ու հեղինակն է այդպես վերնագրել իր գիրքը։

Խոսքը Հերման Հեսսեի <<Տափաստանի գայլը>> գրքի մասին է։

ք. Երևան

ՁՊՎ, խուց 11

15.06.2024թ.

Աշոտ Մինասյան

ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ (մաս 2)

Գազելի մեջ ծեծվելուց հետո բոլոր բերետավորներն իջնում են ու մնում եմ մենակ։ Քթիցս թափվող արյունը ձեռքովս մաքրում եմ ու դռան մոտ կանգնած միակ բերետավորից ջուր խնդրում։ Լիտրանոց Ջերմուկի շշով ջուր է մեկնում ինձ ու ձեռքի մահակին հենված պլշած նայում է ինձ, թե ինչպես եմ արյունը մաքրում ու լվացվում։ Ներսումս ահավոր ցավ եմ զգում։ Գլուխս դմբրված է։

Սկսում եմ հիշել, որ բռունցքների փափուկ մասով գլխիս էին խփում, մեկը գոռում էր` էն տեղերին խփեք, որ չկապտացնեք։

Որովայնս, ստամոքսս, կողերս ու երիկամային հատվածներս լավ մասաժ արեցին ու ցավ չէի զգում։ Այսինքն լիքը ցավ էի զգում, բայց չգիտեի` որ տեղս է ցավում. ուղղակի ամբողջ մարմինս էր ցավում։

Ներսս տապ է, կարծես այրվում է։ Ձեռքերս դողում են։

Ծխախոտ վառեցի։ Բերետավորն ասաց.

֊ Ներսը մի’ ծխի, արի դռան դեմը ծխի։ Մոտեցա դռանը, իջա մեքենայից ու նստեցի դռան առաջին ոտնատեղին, թեպետ կեղտոտ էր։ Նստատեղիս ցավն ուժեղացավ. հիշեցի աքացիները։ Լուռ ծխում եմ ու նայում բերետավորին, փորձում եմ կռահել կամ նկատել ժիլետի տակից կիսատ երևացող ուսադիրին փակցված աստղերի քանակը։ Մի սերժանտ եկավ ու հարցրեց.

֊Պարոն կապիտան, գազելում քանի՞ մարդ կա։

֊ Մենակ սա֊յա, ֊ ինձ ցույց տալով ասաց բերետավոր կապիտանը։ ֊ Որ մարդ լինի, բերե՞նք էս ավտոն։ ֊ Հա, բերեք։ Սերժանտը հեռանում է դեպի Բաղրամյան։ Կապիտանը բութ հայացքով ուղեկցում է նրան։

Ես փորձում եմ խոսքի բռնվել կապիտանի հետ։

֊ Վաղու՞ց եք ծառայում, պարոն կապիտան։

֊ Օգոստոսին վեց տարիս կլրանա։ ֊ Ես էլ եմ զինվորական, գնդապետ եմ։ ֊ Հե՞տո ինչ, ես Ձեզ ճանաչում եմ։ ֊ Հետո այն, որ սպան սպայի հանդեպ պիտի բարյացակամ լինի։ ֊ Ինչ լինի՞,֊ չհասկանալով բարյացակամ բառի իմաստը ապշահար նայում է դեմքիս։

֊ Գոնե ծեծելուց չհայհոյեյիք։ Լռում է։

֊ Ինձ ծեծում էիք, հայհոյում, հասկացանք, բա Սրբազանին ինչու՞ էիք հայհոյում։ ֊ Ինքը ինձ համար Սրբազան չի, տերտերա։

֊ Մեղք մի՜ գործիր, Սրբազանը միշտ Սրբազանա։

֊ Որ ինքը ինձ պսակում էր, էն ժամանակ էր Սրբազան, հիմա տերտերա։ ֊ Ո՞նց, քո պսակը Սրբազաննա՞ կատարել։ ֊ Հա։

֊ Ու խաչը պահելա, համբուրել ե՞ս։ ֊ Հա, պահելա, համբուրել եմ, էն ժամանակ Սրբազան էր, հիմա տերտերա չեմ համբուրի։

Ես սկսում եմ ծիծաղել և հիշում եմ անեկդոտը.

Ասում են Գյումրիում Տեր Նորայրը կնունք է կատարում։ Կնունքից հետո նստում են ճաշկերույթի։ Ճաշկերույթից հետո երբ Տեր Նորայրը պատրաստվում է հեռանալ նկատում է , որ խաչը չկա։ Աջ ու ձախ հարցնում է, թե ով է խաչը վերցրել։ Ներկաներից մեկը ասում է.

֊Տեր Նորայր, կնունքը առանց խաչի եք կատարել։

֊Բա կնունքի ժամանակ կ***սսս էիք համբուրում…

Ես ծիծաղում եմ, ցավում է, հռհռում եմ, ցավում է, ցնցվում եմ, ցավում է։ Ցավում է մարմինս, ցավում է հոգիս, լաց եմ լինում, ցավում է…

Լաց եմ լինում մեր ոստիկանության անգրագետ ու տգետ կապիտանի համար։ Լաց եմ լինում հայրենիքիս ու պետությանս համար պայքարող, իրեն ափեափ, պատեպատ տվող Սրբազանիս համար, որ պայքարում է ազգ, հայրենիք, պետություն, տեսակ ունենալու համար։ Ու մարմնիս ոչ մի տեղը չի ցաIվում, հոգիս է ցավում, հոգիս է ցավում ու լաց եմ լինում…

Վա ՜յ մեզ, վա՜յ մեզ,. վա՜յ մեզ…

ք. Երևան

ՁՊՎ, խուց 11

13.06.24թ.

Աշոտ Մինասյան