Սուքիասյաններին փոխկապակցված ֆաբրիկան մտափոխվել է, կզբաղվի հիմնային մետաղների արտադրությամբ․ «Հետք»

Հայաստանում ոսկերչության ոլորտը վերջին կես տարում, ըստ պաշտոնական վիճակագրության, «ծաղկում էր»։ Մինչդեռ իրականում մեկ ընկերություն պարզապես մեծ ծավալների վերաարտահանմամբ է զբաղված։ Խոսքն օֆշորային ծագմամբ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի մասին է, որը փոխկապակցված է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարազատներին։

Ըստ վիճակագրության՝ ոսկերչական արտադրանքի, այդ թվում՝ զարդերի ծավալն անգամներով աճել էր Հայաստանում, ինչն անտրամաբանական էր՝ հաշվի առնելով Հայաստանում այս ոլորտի փոքր ռեսուրսները՝ մասնագետների պակասից մինչև հումքի ձեռքբերման խնդիրներ։

Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը

Արդեն այս տարվա ապրիլից նույն վիճակագրության մեջ երևում է, որ ոսկերչական զարդերի արտադրանքի ծավալները խիստ նվազել են։ Ավելին՝ վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) վերանայել է նաև նախորդ ամիսների տվյալները։ Օրինակ՝ եթե ըստ առաջին հրապարակման ոսկերչական արտադրանքի ծավալը հունվարին կազմել էր 47 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել 11.3 անգամ, ապա ըստ վերանայված տեղեկագրի՝ այն կազմել է ընդամենը 2.3 մլրդ դրամ և նվազել 49.5%-ով։

Բայց քանի որ նշված արտադրանքը չէր կարող հօդս ցնդել, Վիճակագրական կոմիտեն և, ըստ երևույթին, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն մտափոխվել են և որոշել, որ ֆաբրիկայի արտադրանքը ոչ թե ոսկերչական զարդ է կամ ոսկերչական այլ արտադրանք, այլ՝ հիմնային մետաղների արտադրության ոլորտին դասվող արտադրանք։

«Այստեղ և հետայսու, սույն ցուցանիշների տվյալների ճշգրտումները պայմանավորված են ռեսպոնդենտի կողմից 2024թ. ապրիլ ամսվա հաշվետվության ներկայացման ժամանակ հունվար ամսվա տվյալների ճշգրտմամբ՝ կապված տնտեսական գործունեության տեսակների 24 և 32 ծածկագրերով հատվածների միջև վերադասակարգման հետ»,- նշված է Վիճակագրական կոմիտեի ապրիլ ամսվա տեղեկագրում:

Ըստ դասակարգիչների՝ նշված 24 ծածկագրով հիմնային մետաղների արտադրության մեջ ներառվում է նաև ոսկին՝ «Ոսկի չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով» տողով։ Սակայն, այստեղ որևէ խոսք չկա ոսկերչական իրերի կամ զարդերի մասին։

Առավել մանարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։