Փեզեշքիանը բոլոր թեկնածուներից ամենապոպուլիստն է ու իր վրա կարողանում է ուշադրություն գրավել

«Իրանն այսօր» տելեգրամ ալիքը գրում է. «Փեզեշքիանը բոլոր թեկնածուներից ամենապոպուլիստն է ու իր վրա կարողանում է ուշադրություն գրավել (թե՛ դրական, թե՛ բացասական առումներով)։ Նա շատ լավ առանձնացրել ու հերթով անդրադառնում է այն խնդիրներին, որոնք իրանական հասարակության լայն շերտերի մոտ միշտ դժգոհություն են առաջացրել։

Օրինակ՝ շատ իրանցիներ համարում են, որ «իրենց փողերը գնում են Իրաք, Սիրիա, Լիբանան ու Պաղեստին» կամ որ «երկիրը ծախում են Չինաստանին»։

Իսկ Փեզեշքիանն ասում է․ «Այն Իրաքը, որի համար մենք կյանք ենք զոհել, գեներալ Սոլեյմանին ԻՊ ձեռքերից է փրկել, հիմա մեր փողերը չի տալիս» (նկատի ունի գազի մատակարարման դիմաց վճարումները) կամ «Չինաստանը մեր նավթը էժանով առնում, մեր փողերը չի տալիս», «ժողովուրդը հացի փող չունի»։

Փեզեշքիանը փաստացի ամրացնում է իր «փոփոխություն բերողի», «ժողովրդի ծոցից ելած» թեկնածուի կերպարը ու աշխատում այն զանգվածի վրա, որը չի ցանկանում կամ դեռ կասկածում է քվեարկությանը մասնակցել։ Իսկ Shenaakht կենտրոնի նոր սոցհարցումը ցույց է տվել, որ այդ զանգվածի մոտ Փեզեշքիանն արդեն առաջին տեղում է։ Իսկ մասնակցել ցանկացողների մոտ՝ Ջալիլիի հետ կիսում է 2-րդ տեղը։

Մյուս կողմից, նա նաև բացահայտ խաղարկում է էթնիկության գործոնը՝ հայտարարելով, որ Իրանում պանթյուրքիզմ, պանքուրդիզմ, պանբելուջիզմ կա անարդարության հետևանքով, քանի որ «էթնիկ հանրույթների ներկայացուցիչներին Իրանում բարձր պաշտոններ չեն տալիս»։ Ինքը՝ Փեզեշքիանը 10-րդ գումարման խորհրդարանում փոխնախագահ էր»։