Իրանում լռության օր է

Իրանի նախագահի թեկնածուների ընտրարշավի ժամկետն ավարտվել է, տեղի ժամանակով ժամը 8.00-ին երկրում լռության օր է։

Ինչպես տեղեկացվել է իսլամական հանրապետության ընտրական շտաբի հայտարարությունում, բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկվում է ձեռնպահ մնալ որևէ ագիտացիոն միջոցառումից՝ ի պաշտպանություն թեկնածուների, հատկացված ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև չկրել քարոզող խորհրդանիշ քվեարկության օրը։

Նախագահի աթոռի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչներ։ Նրանց մեջ են խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը հանրապեության Անվտանգության խորհրդում՝ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը (բարեփոխիչ)։ Սկզբում Սահմանադրության պահապանների խորհուրդը թույլ էր տվել, որ ընտրություններին մասնակցի վեց մարդ, սակայն փոխնախագահ Ամիր Հոսեյն Գազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտնել է, որ հանում է թեկնածությունը հօգուտ պահպանողական այլ թեկնածուների։

Երկու շաբաթում, որոնք հատկացվել էին նախընտրական քարոզչության համար, թեկնածուների միջև կայացել են հեռուստաբանավեճերի հինգ փուլեր։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված էր կոնկրետ թեմայի՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն, որոնք իրականացվել են նախընտրական արշավի ընթացքում, ներկա պահին առաջատարի դիրքում է բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը։ Այնուհետև, ոչ մեծ տարբերությամբ, երկրորդ և երրորդ տեղերում են պահպանողականներ Ջալիլին և Գալիբաֆը համապատասխանաբար։

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին, արտահերթի պատճառը երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելն է։