Լրտեսության մեջ մեղադրվող Գալստյանի կինը մեղադրյալի կարգավիճակ չունի. նա ևս օկուպացված Արցախում էր

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի կնոջը մեղադրանք ներկայացված չէ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նա քրեական վարույթով միակ մեղադրյալն է։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։

ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։

Նշենք, որ Սարգիս Գալստյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում օրերս վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։