2 տարում 20 մլն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Հայկ Ֆարմանյան

ԵԱՏՄ-ից դեպի ԵՄ զրույցները տպավորություն են ստեղծում կարծես ուզում ենք կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Այս մասին «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» պանելային քննարկման ընթացքում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2023 թ-ի տվյալներով աճել է մեր արտաքին առևտրաշրջանառությունը։ «Հիմնականում հեռախոսային ապարատներ են արտահանել, ավտոմեքենաներ դեպի Ղազախստան, համակարգչային տեխնիկա։ Ակնհայտ է, որ մենք արտահանման աճն ապահովել ենք գերազանցապես ԵԱՏՄ վերաարտահանման շնորհիվ, մինչդեռ կառավարությունը սա փորձում է վերագրել իրեն, թե, իբր, հմուտ տնտեսական քաղաքականության շնորհիվ արձանագրվել է տնտեսական աճ, բնական է, որ դա այդպես չէ»։

Ներկայացնելով Վրաստանի օրինակը՝ նա նշեց, որ անգամ Եվրոասոցացման անդամ դառնալու հայտ ներկայացնելով՝ այս երկիրը չի կտրվել ռուսական շուկայից, ավելին՝ տնտեսագետը համոզված է, որ այս երկիրը շուտով ԵԱՏՄ անդամակցության հայտ կներկայացնի։

Նա ընդգծեց, որ այս երկընտրանքը քաղաքական նպատակ հետապնդող արհեստական օրակարգ է։ «Ավելին, իմ ունեցած տեղեկություններով, վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 20 մլն դոլար է տրվել ԶԼՄ-ներին հակառուսական քարոզի համար։ Արդյունքում, մեր քաղաքացիներին հակառուսական տրամադրությունները պարուրել են»։