ԵԱՏՄ-ն և ԵՄ-ը անհամատեղելի են․ Ալեքսեյ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների գալուստը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային գիտափորձագիտական  համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ է թեքվում դեպի Արևմուտք,- ասել է նա։- Պետք է հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձությունից, դա նույնպես պետք է ընկալել որպես վճար, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որևէ արտատարածաշրջանային խաղացողի մուտքը այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա»։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։ «Երբ առաջանում են իրական սպառնալիքներ, ինչպես այժմ, երբ աղետը փաստացի ոչնչացրել է միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը միացնում էր մնացյալ աշխարհի հետ Վրաստանով, մենք ՌԴ նախագահի որոշմամբ օգնության եկանք և ռեկորդային ժամկետում վերականգնեցինք երթևեկությունը»,- նշել է փոխվարչապետը։