Գառնու բնակչի բերքատու ծառերը կտրել են՝ պատճառելով 11 մլն դրամի վնաս․ նա դիմել է իրավապահներին
Հունիսի 24-ին անձից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 14․00-ի սահմաններում Գառնի բնակավայրում գտնվող՝ իրեն պատկանող հողատարածքի այգում այլ անձինք ապօրինի հատել են մոտ 120 պտղատու ծառ՝ պատճառելով մոտ 11մլն դրամի վնաս։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Քաղաքացու հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որով արձանագրվել են բազմաթիվ կտրված ծառեր, հարցաքննվել են մի շարք անձինք։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, ծառերի հատման օրինականությունը, պատճառված գույքային վնասի իրական չափերը պարզելու, նշված գործողությունները կատարած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում տարածվել էր ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Խաչատրյանի տեսանյութը Գառնի համայնքում պտղատու ծառերի սպանդի մասին։
«200-ից ավելի բերքատու ծառ, ամառ օրով, բերքը՝ ծառի վրա, «Դրուժբով», «Փշերի Վահագը»՝ իր փաստաբանի հետ, կտրել են, խնդրեմ: Տեսե՛ք: Սա եղեռնագործություն է, սենց մարդը իրավունք չունի ընդհանրապես համայնքում երևա, դուրս գա ժողովրդի մեջ: Ու էս արարքը կատարվել է Գառնի համայնքում»,- տեսանյութում նշել էր Գեղամ Խաչատրյանը՝ հավելելով, որ «այգին պատկանում է համայնքի բնակիչներից մեկին՝ Գեղանուշին: Այն գտնվում է «Եգորի բենզալցակայանի մոտ»»: