Էրեբունցիները մեռան ասելով՝ ջրի փոխարեն գարշահոտ հեղուկ է հոսում, ոչ ոք չի ուզում ստուգել որակը. Իզաբելա Աբգարյան

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 25-ի նիստին դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում ջրամատակարարումից, ջրի որակից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։

«Այսօր ջուրը շատ մեծ խնդիր է դարձել: Այսօր հազարավոր մարդիկ ճնշման պատճառով զրկված են լողանալուց 35 աստիճան շոգին, գիշերներն առհասարակ ջուր չունեն: Էրեբունի վարչական շրջանում մարդիկ մեռան բողոքելով, որ ջրի փոխարեն գարշահոտ ինչ-որ հեղուկ է հոսում, որևէ մեկը կարծես չի ուզում ստուգել որակը:

Մենք կարող ենք ասել, որ այստեղ ջուրն է մեղավոր, օպերատորին դիմենք, այնտեղ հոսանքի լարումի խնդիր է, որ այնքան ցածր է, որ մեկ աղբյուրի փոխարեն երկուսն ես միացնում, որ կարողանաս կարդալ: Մարդկանց տեխնիկան է շարքից  դուրս գալիս անջատում-միացումների պատճառով: Մենք հենց պետք է սպասարկենք երևանցիների շահը և դառնանք միջնորդը այն կառույցների հետ, որոնք պետք է մարդկանց օգնեն»,- ասաց նա:

Իզաբելա Աբգարյանն առաջարկեց քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է. «Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։

Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի»: