Freedom House-ի զեկույցում 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը՝ բացասական լույսի ներքո. Երիցյան
«Իրարից տարբեր շուրջ 3 տասնյակ հարցերը առանց քննարկման մեկ հարցի տակ անցկացնելը մենք համարում ենք անարգանք ավագանու ինստիտուտի և երևանցիների նկատմամբ, որոնք գործող իշխանության թեթև ձեռքով այլևս հնարավորություն չունեն նախապես ծանոթանալու ավագանու քննարկվող որոշումներին և լսելու դրանց շուրջ ավագանու անդամների դիրքորոշումները»,- Երևանի ավագանու նիստին ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:
«Իշխող կոալիցիայի այս գործելաոճը հակաժողովրդավարական է և ոչ թափանցիկ: Այս մասին է վկայում նաև Freedom House-ը, ըստ որի՝ Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է 2023-ին, զեկույցում, ի դեպ, շուրջ 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը՝ մեծամասամբ բացասական լույսի ներքո՝ շահերի բախում, պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն»,-ասաց նա։ Երիցյանը նկատեց, որ մինչև այժմ պարզ չէ, թե ինչ սկզբունքով կամ ում ճաշակի թելադրանքով են այս կամ այն հարցերը դառնում զեկուցվող կամ չզեկուցվող և առաջարկեց զեկուցվող դարձնել ևս երկու հարց։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։
Ավագանու ՔՊ անդամները քվեարկությամբ մերժեցին երկու առաջարկն էլ և հաստատեցին օրակարգը, որի 32 հարցերից զեկուցվող է միայն 2-ը։