Կհստակեցվի նույն զորամասում եղբայրների ծառայության անցնելու պայմանները
Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում, սակայն եթե այդ ժամկետը 17 ամսից ավելի է՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ 17-րդ ամսից հետո զորակոչվածը եղբոր մոտ ծառայի։ Եվ այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի երկու եղբայրները կարողանան միասին նույն զորամասում ծառայություն իրականացնել։ Ըստ էության, սա բարելավող նորմ է զինծառայողների համար»,-ասաց Արման Սարգսյանը։