ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը

ՀԱՊԿ-ի ապագան կորոշեն այն երկրները, որոնք անդամակցում են այդ միությանը։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ունենալով անկախություն և իրենց արտաքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունք՝ նրանք ընտրում են ազգային անվտանգության ապահովման արդիական գործիքակազմ։ Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենապահանջված գործիքակազմը հենց հավաքական անվտանգությունն է։

Միջազգային անվտանգության սրընթաց քայքայվող համակարգում լարվածության աճը, ինչպես երևում է, ավելի ու ավելի մեծ ուշադրություն կգրավի այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,- նշել է քարտուղարը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը։ Նրա խոսքով՝ անվտանգության հասարակական-քաղաքական պահանջը կարող է պայմանավորել ինչպես կազմակերպության ֆունկցիոնալության ընդլայնումը, այնպես էլ, հնարավոր է, նրա մասնակիցների թվի ավելացումը։