Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում գրոհայինների իրականացրած հարձակումների առնչությամբ․ այս մասին հայտնում է Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի մամուլի ծառայությունը, հայտնում է «Իզվեստիան»։

«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։ Սգո օրերին հանրապետության ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները», – ասված է հաղորդագրության մեջ:

Դաղստանի տարածքում տեղակայված մշակութային հաստատություններն ու հեռուստառադիոընկերությունները չեղյալ կհայտարարեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:

Նշվում է, որ Դաղստանի կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մահացածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Գրեթե նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։ Զոհվել է 20 մարդ, որոնցից 17-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ (Ահաբեկչական) հոդվածում, հանրապետությունում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության (ՀՕ) ռեժիմ։