Ֆիզիկական ակտիվության խմբակներ՝ ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ:

Նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկա գտնվելով խմբակի դասերից մեկին, ողջունել է ավագ սերնդի ներկայացուցիչներին.

«Ձեր ամենօրյա ակտիվ կենսակերպով դուք նոր մշակույթ եք բերում` նպաստելով մեր որդեգրած սկզբունքներից մեկի` հիվանդաբուժությունից առողջության պահպանում անցում կատարելուն: Այստեղ ձեռք բերած գիտելիքներն առօրյայում օգտագործելով` դուք ձեր շրջապատի համար դառնում եք առողջ ապրելակերպի դեսպաններ»:

Այս ծրագիրը ոչ միայն ապահովում է ավագ սերնդի ներկայացուցիչների առօրյա ֆիզիկական ակտիվությունը, այլև` նրանց շրջանում նպաստում շփման, նոր կապերի ստեղծման ու սոցիալիզացիայի խնդրի լուծմանը:

Խմբակում գործում են նաև յոգայի, ազգային պարի, ճիշտ սննդակարգի, հիշողության պահպանման դասընթացներ:

Կարևորելով ավագ սերնդի բովանդակալից ու առողջ ժամանցը, նրանց առօրյայի ճիշտ ու ակտիվ կազմակերպումը` առողջապահության նախարարությունը նախատեսում է խմբակը ընդլայնել ու մշտական դարձնել: