Մոսկվայում շուրջ 20 տոննա սննդամթերք է այրվել բոտուլիզմի դեպքերի պատճառով

Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզոր»-ում (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայություն) հաղորդել են, որ բոտուլիզմի դեպքերի պատճառով, հունիսի 20-ի տվյալներով, շուրջ 20 տոննա ոչ պիտանի սննդամթերք է վնասազերծվել աղբակիզման գործարանում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Ներկայում այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- հայտնել են գերատեսչության մայրաքաղաքային վարչությունում։

Նշվում է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի Մոսկվայի վարչությունը մայրաքաղաքի բնակիչների շրջանում սանիտարահամաճարակային հետաքննություն է անցկացնում բոտուլիզմով հիվանդանալու դեպքերի գրանցման փաստով։

Բնակչության առողջության համար ռիսկի բացառման նպատակով շրջանառությունից հանվել է այն սննդամթերքը, որի առաքումը թիվ 4 աղբակիզման գործարան օպերատիվ կերպով կազմակերպվել է վարչության աշխատակիցների հսկողությամբ։

Մոսկվայում թունավորման ախտանշաններով և բոտուլիզմի կասկածանքով բժշկի է դիմել ավելի քան 120 մարդ, 55 հոգի գտնվում է ծանր վիճակում։ Բացի այդ, հիվանդ մարդիկ են հայտնաբերվել Մոսկվայի մարզում, Նիժնի Նովգորոդի մարզում և Կազանում։

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ տուժածները կերակրի մեջ օգտագործել են Lokalkitchen ՍՊԸ-ի արտադրած «Լոբիո աղցանը» և «Գաստրոպորտ» ՍՊԸ-ի «Թունաձկով, լոբով և խնձորով աղցանը»։ Ավելի ուշ «Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտնել են, որ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում բոտուլիզմով զանգվածային վարակի պատճառ է դարձել լոբին, որը մատակարարվել է աղցանի համար:

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մոսկվացիների զանգվածային թունավորման պատճառով, ձերբակալվել է չորս կասկածյալ։