Բաքուն Հայաստանին մեղադրել է սահմանները «չճանաչելու» մեջ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, որում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Բաքվի արձագանքի առնչությամբ տարակուսանք է արտահայտվել։

«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի 2024 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը, որն արդարացնում է այս երկրի սպառազինության ջանքերը», – նշել է Հաջիզադեն։

Նա Հայաստանին մեղադրում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները 30 տարի շարունակ կոպտորեն խախտելու մեջ: Ըստ Հաջիզադեի՝ ՀՀ-ն խախտել է Ալմա-Աթայի հռչակագիրը, «ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, շարունակել է հարևանների նկատմամբ իր տարածքային պահանջները և դադարեցրել իր ագրեսիվ գործողությունները հենց Ադրբեջանի ձեռնարկած քայլերի արդյունքում»։