Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունը և դրա ակտիվացման ուղիները:

Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը:

Մոլդովական կողմին ներկայացվել է  Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման  հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է մոլդովական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը միտված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգին: