Մանուշ Եսայանը ստանձնել է Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը

Փաստաբան Մանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

«Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան -Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի  արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:

Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ արդարություն լինելու է»,- գրել է նա։