Պետական հատկացումներ՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման նպատակով

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում, և 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացվել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման և նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով:

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավանության է արժանացրել 9 միջոցառումների իրականացման ծրագրային առաջարկները: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ մշակութային կազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ բանաստեղծին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում:

Միջոցառումների անցկացման նպատակն է Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգության արժևորումը, հանրայնացումը, բանաստեղծի գրական ստեղծագործությունների և գիտական գործունեության ուսումնասիրությունների խթանումը, երիտասարդ սերնդի մեջ սևակյան գրականության ճանաչողության մեծացումը:

Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ներկայացումների, գովազդային արշավների, գիտաժողովի, ֆիլմաշարերի պատրաստում, հրատարակչական աշխատանքների և մարզային մշակութային ու կրթական՝ այդ թվում ներառական ծրագրերի իրականացում: