Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել է Բաքվի թիրախ. Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումին, որը հորդորում է կոմիտեին դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Reuters գործակալությունը մասնավորապես մեջբերել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերին, որը նշել է. «Ուշագրավ է, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դիտում է որպես սպառնալիք և փորձում է նրան լռեցնել կամայական կալանքով, իսկ վերջի շրջանում՝ նաև  խոշտանգումներով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային ասպարեզում իրեն լուրջ վերաբերվեն, ապա անհապաղ պետք է դադարեցնի այդ գործողությունները և ազատ արձակի Վարդանյանին ու մյուս հայ բանտարկյալներին»:

Ֆրանսիական Le Figaro –ն ևս ծավալուն անդրադարձ է կատարել փաստին՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հարազատները խիստ անհանգստացած են նրա վիճակով: Պարբերականը հիշեցնում է, որ մարդասիրական գործունեության  համար Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրված Վարդանյանը ներկայումս խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում:

Պարբերականը մեջբերել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի խոսքերը, որը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների մասին է իրենց հայտնի դարձել. «Նրան հնարավորություն չի տրվել ոչ քնելու, ոչ նստելու: նրան երկու օր շարունակ զրկել են խմելու ջրից, նա չի ունեցել հիգիենայի պարագաներ»:

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվի բանտում են ևս 22 հայեր, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը: Նշվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել՝ փորձելով օգնել տեղի բնակչությանը: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում նրան հաջողվել էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի և այնտեղ տիրող իրավիճակի վրա: «Հենց Վարդանյանի խարիզմատիկ անձը և միջազգային ասպարեզում լսելի ձայնն էլ նրան դարձրել են Ադրբեջանի իշխանության թիրախը»,-գրել է Le Figaro-ն: