Հստակ պատասխանների փոխարեն՝ նույն գաղափարական ճակատամարտերը, թե ով, երբ, ինչպես ծախեց Ղարաբաղը

Բողոքական հակաիշխանական շարժման պատճառը Տավուշի մարզի Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հատվածի շուրջ ծավալված գործընթացներն էին: Դրա հետ կապված հանրային գժգոհության բուռն վերելքը առաջադրեց իր հարցադրումները, որոնք հանգում էին հետևյալին: 1. ինչու՞ է սահմանագծումը սկսվում հենց Տավուշի հատվածից: 2. ինչու՞ գործընթացից առաջ չի կնքվում խաղաղության պայմանագիր, որի բացակայությունն արդեն նշանակում է պատերազմական վիճակի պահպանում 3. ինչու՞ Ադրբեջանի իշխանությունը չի գնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, որը էականորեն կարող է փոխել միջպետական հարաբերությունների բովանդակությունը թշնամականից վերածելով բարի դրացիականի: 4. ինչու՞ է սահմանների ճշտման գործը տարվում հատվածաբար, մյուս հատվածներում սպասվող մարտահրավերները, հատկապես Սյունիքի, Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում ինչ՞ բարդություններ կարող են ծնել 5. 1976 թ. քարտեզը կիրառվելու է արդյոք՞ սահմանային նշված հատվածներում 6. ինչ՞ քննարկումներ և պայմանավորվածություններ կան անկլավների հարցի շուրջ, արդյոք՞ հնարավոր չէ փոխադարձ հրաժարվել անկլավային պահանջներից 7. ինչու է՞ Արևմուտքը ողջունում սահմանագծման և սահմանազատման այս գերծընթացը, որի արդյունքում ժողովրդավար Հայաստանը տուժում է ավտորիտար և իրենց կողմից «քննադատվող» Ադրբեջանի ճնշումից և անզիջողական կեցվածքից 8. արդյոք՞ հայկական դիվանագիտությունը կիրառել է բոլոր հնարավոր գործիքները առավել բարենպաստ փոխզիջումային տարբերակ գտնելու համար 9. այս ճակատագրական պահին որքանով է՞ նպաստավոր հայ-ռուսական հարաբերությունների բացասական հռետորաբանությունը: Կարելի էր հարցադրումները շարունակել, բայց իշխանությունները խուսափեցին հանրային հետաքրքրությունների կիզակետում գտնվող այս հարցադրումների հստակ պատասխաններից, որոնք անշուշտ կնպաստեին ներքաղաքական լարվածության անկմանը: Ընդդիմությունն էլ այս հարցադրումների շուրջ կառավարությանը բաց քննարկմանը բերելու փոխարեն՝ առաջնային դարձրեց հեղափոխական ճնշմամբ իշխանափոխության և վարչապետի հրաժարականի պահանջը, առանց սթափ քաղաքական հաշվարկների: Արդյունքում փխրուն քաղաքական համակագով և արտաքին անվտանգային խնդիրներ ունեցող մեր երկիրը հայտնվել է քաղաքական անկայուն իրավիճակում, ոմանք արդեն նշում են քաղաքացիական բախումների սպառնալիքը: Միաժամանակ հանրային քննարկումների մեջ նորից հայտնվել է ղարաբաղյան թեման: Ներկա պահին լրիվ չարդարացված քայլ է: Վերը նշված հարցադրումների պատասխանները լսելու փոխարեն՝ նորից նույն գաղափարական ճակատամարտերը սկսած 1996 թ. Լիսաբոնի բանաձևերից մինչև 2024 թ. ով, երբ, ինչպես ծախեց Ղարաբաղը: Ղարաբաղյան հակամարտության պատմության պատառոտումը ներկա պահին ոչ մի գործնական նշանակություն չունի սահմանների ճշտման հետ: Թվում է, թե միտումնավոր շեղում են հիմնական թեմաներից: Քաղաքագիտական և քաղաքական առումով իրավիճակի ներքաղաքական փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ: Իմ մասնագիտական ոչ կուսակցական դիրքորոշումն արտահայտեցի:

 Գարիկ Քեռյան