Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային

Չինաստանը Թուրքիային կոչ է անում անհապաղ չեղարկել չինական արտադրության մարդատար ավտոմեքենաների նկատմամբ սահմանված խտրական մաքսատուրքերը։ Ըստ Xinhua-ի՝ դրա մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Հունիսի 8-ին Թուրքիան հայտարարել է Չինաստանից ներկրված ներքին այրման շարժիչներով և հիբրիդային մեքենաների համար 40 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին, որն ուժի մեջ կմտնի 30 օրից։

Ավելի վաղ երկիրը նաև ներմուծման լրացուցիչ 40 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել չինական էլեկտրական ավտոմեքենաների համար։

Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնում և կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից չինական մարդատար ավտոմեքենաների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը։

Նա նշել է, որ Թուրքիան հավելյալ մաքսատուրքեր է սահմանում միայն Չինաստանից մարդատար ավտոմեքենաների համար, ինչը խտրական վերաբերմունք է չինական արտադրանքի նկատմամբ, և նման գործողությունները հակասում են առավել բարենպաստ ռեժիմի սահմանման սկզբունքներին։ Ավելին, նա շեշտել է, որ դա խախտում է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանած կանոնները։

Չինաստանը Թուրքիային կոչ է անում անհապաղ վերացնել խտրական մաքսատուրքերը և աշխատել Չինաստանի հետ՝ խթանելու երկկողմ առևտրատնտեսական կապերի առողջ զարգացումը, ասել է  Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը՝ շեշտելով, որ չինական ձեռնարկություններ օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու համար  կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։