ՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետո

Մարդու  իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր  հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։  Հայտնում են ՄԻՊ գրասենյակից․

«Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։

Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ»։