Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ հայտարարվել է հետախուզում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ տվյալների շտեմարանին։

«Հետախուզման հիմքը. հետախուզվում է ՔՕ հոդվածով»,- գրված է նրա գործի քարտում։

Տիմոշենկոն 63 տարեկան է։ Նա զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2005թ. փետրվարից սեպտեմբեր եւ 2007թ. դեկտեմբերից մինչեւ 2010թ. մարտ, երեք անգամ եղել է նախագահի թեկնածու։ 2011-2014թթ. եղել է կալանքի մեջ, նրան մեղադրել են ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս։ ՄԻԵԴ-ում Տիմոշենկոյի կալանավորումը համարել են անօրինական, Ուկրաինայի գերագույն դատարանը նրա դեմ գործը փակել է 2014թ. ապրիլի 14-ին։ 2019թ. Տիմոշենկոյի «Батькивщина» կուսակցությունն ստացել է 24 տեղ Գերագույն ռադայում՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Մայիսին Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՔՕ հոդվածով Ուկրաինայի ներկայիս եւ նախկին նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Պյոտր Պորոշենկոյի հանդեպ (երկիրը ղեկավարել է 2014-2019թթ.)։ Թե որ հոդվածի մասին է խոսքը՝ այն ժամանակ եւս չէր նշվել։